Եռակի օլիմպիական և NBA-ի քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը արձագանքել է միջադեպին, երբ ավտոմեքենան մխրճվել է «Լիվերպուլի» երկրպագուների խմբի մեջ՝ ԱՊԼ-ում թիմի հաղթանակին նվիրված տոնական շքերթի ժամանակ։
Երկուշաբթի օրը տեղի ունեցած շքերթի ընթացքում մոտ 50 մարդ է տուժել, որոնցից 27-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածների թվում են չորս երեխաներ, որոնցից մեկը ստացել է ծանր վնասվածքներ։ Մերսիսայդի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 53-ամյա սպիտակամորթ բրիտանացի։
«Աստվա՜ծ իմ։ Չեմ կարողանում հավատալ, որ սա տեղի է ունեցել։ Իմ ամենաանկեղծ մտքերն ու աղոթքները բոլոր տուժածների հետ են՝ կապված այս ողբերգական դեպքի հետ, որը տեղի է ունեցել ԱՊԼ-ի հաղթանակի շքերթի ժամանակ։ Ինչպիսի՛ անիմաստ արարք»,- գրել է Ջեյմսը X սոցիալական ցանցում։
Ջեյմսը 2011-ին ձեռք է բերել «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի փոքրամասն բաժնետոմսեր, իսկ 2021-ին մեծացրել է իր բաժնեմասը՝ դառնալով Fenway Sports Group (FSG) ընկերության գործընկեր։
«Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում վաղաժամ հաղթանակ է տոնել ապրիլի 27-ին՝ 5։1 հաշվով հաղթելով «Տոտենհեմին»։ ԱՊԼ մրցաշրջանն ավարտվել է մայիսի 25-ին։