Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ կայանալիք հանդիպումը։ Արգենտինացին վստահ է՝ թիմը պատրաստ է ամենաբարդ փորձությանը։
«Երկու տարի առաջ Ստամբուլում եզրափակչում մենք խաղացինք շատ ուժեղ մրցակցի դեմ։ Մենք պարտվեցինք, սակայն այդ օրվանից մեծ փորձ ենք հավաքել։ Այժմ բոլոր առումներով կատարյալ վիճակում ենք։
Գիտեմ, որ դժվար հանդիպում է սպասվում, բայց մենք այս խաղին արժանի ենք։ Ցուցադրել ենք միասնություն ու զոհաբերություն, ու հիմա մնում է անել մեկ վերջին քայլ», – Մարտինեսի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը, կկայանա մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։