«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Պատրիկ Բերգերը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը իտալացուն դիտարկում է որպես Ժորժե Ժեզուսին փոխարինելու գլխավոր թեկնածու և մտադիր է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ Նշվում է, որ կողմերի միջև դեռևս որևէ համաձայնություն չկա։ Ինձագին վերջին օրերին դադարեցրել էր բանակցությունները՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչին ամբողջությամբ կենտրոնանալու համար։ Հետագա բանակցությունները նախատեսվում է անցկացնել եզրափակիչ խաղից հետո։
2024/2025 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև կկայանա մայիսի 31-ին։ Թիմերը կխաղան «Արենա Մյունխեն» մարզադաշտում (Մյունխեն, Գերմանիա)։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։