«Կոմոյի» դարպասապահ Պեպե Ռեյնան կարմիր քարտ է ստացել Իտալիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղի 45-րդ րոպեին։ Ավելի վաղ 42-ամյա դարպասապահը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին։
Իսպանացի ֆուտբոլիստը հեռացվել է խաղադաշտից՝ միլանյան թիմի հարձակվող Մեհդի Տարեմիի նկատմամբ տուգանային հրապարակից դուրս կատարված խախտման համար։
Պեպե Ռեյնան «Բարսելոնայի» երիտասարդական համակարգի սան է։ Բացի կատալոնական ակումբից, նա խաղացել է նաև «Վիլյառեալում», «Լիվերպուլում», «Նապոլիում», «Բավարիայում», «Միլանում», «Աստոն Վիլլայում» և «Լացիոյում», իսկ 2024 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել «Կոմոյի» հետ։
Այս մրցաշրջանում 42-ամյա դարպասապահն Ա Սերիայում և Իտալիայի գավաթի խաղարկությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում բաց է թողել 14 գոլ և երկու անգամ անառիկ է պահել դարպասը։