Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերի առանցքային կերպարներից մեկը։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Ինձագին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն պայմանով, որ նոր սեփականատեր Oaktree Capital-ը երաշխիքներ տրամադրի տրանսֆերային շուկայում՝ պահպանելու թիմի մրցունակությունը։ Այս երաշխիքների կենտրոնում Մխիթարյանի նման փորձառու խաղացողների դերն է։
36-ամյա հայ կիսապաշտպանը ոչ միայն պահպանում է բարձր խաղային մակարդակ, այլև առաջնորդի դեր է ստանձնում թիմում։ Ինձագին, ով մեծապես գնահատում է վետերան խաղացողների ներդրումը, ընդգծում է, որ Մխիթարյանի փորձը և կայուն խաղը անփոխարինելի են «Ինտերի» տակտիկական համակարգում։ Նրա կողքին նման դեր են խաղում նաև Աչերբին, Դարմիանը և նախկինում Ջեկոն։
Ինձագին դեմ է ակումբի միակողմանի կենտրոնացմանը երիտասարդ տաղանդների վրա, քանի որ նա ցանկանում է, որ թիմը անմիջապես արդյունքներ ցույց տա։ Մխիթարյանը, ով խաղադաշտում համատեղում է փորձն ու ստեղծագործականությունը, դիտվում է որպես թիմի հաշվեկշռի խորհրդանիշ՝ երիտասարդ խաղացողների հետ միասին։
Oaktree Capital-ի առջև ծառացած մարտահարվերն այսպիսին է. եթե նրանք ցանկանում են պահել Ինձագիին և շարունակել «Ինտերի» հաջողությունները, պետք է երաշխավորեն, որ թիմը կպահպանի փորձառու առանցքը։ Այս համատեքստում, կարելի է ասել, որ Հենրիխ Մխիթարյանը դառնում է ոչ միայն խաղացող, այլև «Ինտերի» մրցակցային հավակնությունների խորհրդանիշ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է Մխիթարյանին փոխարինել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ՝ վճարելով «կապտանռնագույններին» 60 մլն եվրո։