«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա եզրային հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն մեկնաբանել է 2024/25 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Տոտենհեմից» 0:1 հաշվով կրած պարտությունը:
«Սա հեշտ չէ ոչ մեկի համար: Մրցաշրջանը ձախողված էր: Մենք պարտվեցինք եզրափակիչում, իսկ Պրեմիեր Լիգայում չենք կարողանում հաղթել: Շատ բան էր պակասում: Երբ գոլ չես խփում, պետք է ավելիին ձգտել: Ես խաղացել եմ բոլոր փուլերում մինչև եզրափակիչը, օգնել եմ թիմին, բայց այս խաղում խաղադաշտ դուրս եկա ընդամենը 20 րոպեով: Չգիտեմ: Ինչ վերաբերում է ապագային՝ մրցաշրջանը, ակումբի իրավիճակը… Կփորձեմ վայելել ամառը, հետո կտեսնենք», – մեջբերում է Գառնաչոյի խոսքը Metro-ն:
2024/25 մրցաշրջանում Գառնաչոն մասնակցել է 58 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ: Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը կազմում է մոտ 45 միլիոն եվրո: