Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը չորեքշաբթի մասնակցել է թիմի հիմնական կազմի մարզմանը։ Այդ մասին վկայող լուսանկարները հրապարակվել են ակումբի Telegram-ալիքում։
Երկուշաբթի՝ ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ ոչ-ոքի (2:2) խաղից հետո, Թիկնիզյանը լրագրողներին հայտնել էր, որ «իրեն զգում է կեղտի պես»։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել էր, որ դժգոհ է ակումբում իր խաղաժամանակից և մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է դիմել ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլ տալ հեռանալ թիմից։
Երեքշաբթի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում նշել էր, որ նորմալ է վերաբերվում Թիկնիզյանի հայտարարությանը, և ակումբը չի պատրաստվում նրան հեռացնել մարզումներից։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 122 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։