Ռոնալդինյոն շարունակում է մնալ ֆուտբոլի խորհրդանիշ։ Թեև նրա լավագույն տարիներն անցյալում են, նրա նկատմամբ սերը մնում է անսպառ աշխարհի տարբեր ծայրերում։ Անցած հանգստյան օրերին Թբիլիսիում հազարավոր վրացի երկրպագուներ հավաքվել էին՝ «Բարսելոնայի» լեգենդների հետ Sports Orient-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ նրան կրկին տեսնելու համար։
Նրա վարակիչ ժպիտը, յուրահատուկ ոճը և խարիզման նրան դարձնում են համաշխարհային կուռք։ Նույնիսկ երիտասարդ երկրպագուները, որոնք չեն տեսել նրա խաղը, հավաքվել էին «Դինամո Թբիլիսի» մարզադաշտի և հյուրանոցի մոտ՝ լուսանկարվելու կամ ստորագրություն ստանալու համար։
Ռոնալդինյոն Marca-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին՝ անդրադառնալով «Բարսելոնային», ՊՍԺ-ի հեռանկարներին, Վինիսիուսին, Լամին Յամալին, «Ոսկե գնդակին» և Անչելոտտիի՝ Բրազիլիայի հավաքականի մարզչի դերին։
– Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Ձեր կարիերայից։
– Ամեն ինչ, հատկապես հանդերձարանի մթնոլորտը։ Ուրախ եմ, որ նման խաղերում կարող եմ կրկին խաղալ ընկերներիս հետ՝ կրելով «Բարսայի» մարզաշապիկը։
– Այս «Բարսան» ավելի՞ եք հավանում։
– «Բարսան» վերադարձրել է իր ուրախությունը։ Նրանց հաջողությունները հպարտություն են ներշնչում։ Դժվար ժամանակներից հետո ակումբը կրկին ժպտում է։
– Այն ավելի՞ լավ է, քան «Ռեալը»։
– Երկու թիմերն էլ բարձր մակարդակի են։ Այս մրցաշրջանում «Բարսան» գերազանցել է «Ռեալին» բոլոր մրցաշարերում։ Հուսով եմ՝ այդպես կշարունակվի։
– Կարծու՞մ եք՝ նոր սերունդը շուտով կհաղթի։
– Հավատում եմ, որ «Բարսան» շուտով կնվաճի Չեմպիոնների լիգան։ Թիմն ունի երիտասարդ, անվախ և տաղանդավոր խաղացողներ, իսկ Ֆլիկը հիանալի աշխատանք է կատարում։
– Լամին Յամալը 17 տարեկան է։ Դուք և Մեսսին այդ տարիքում այդքան լավը չէիք։
– Ես և Մեսսին արդեն կերտել ենք մեր պատմությունը, հիմա Լամինի ժամանակն է։ Նրա խաղը զարմանալի է՝ երիտասարդ, բայց աներևակայելի տաղանդավոր։ Հուսով եմ՝ նա կունենա նույնքան մեծ կարիերա։
– Նրան Ձեզ և Մեսսիի հետ համեմատելը ճի՞շտ է։
– Համեմատությունները ճիշտ չեն, քանի որ յուրաքանչյուր խաղացող յուրահատուկ է։ Լամինը ուրախություն է պարգևում, ինչպես ես կամ Մեսսին մեր ժամանակ։ Թող նա շարունակի այդպես։
– Արժանի՞ է նա «Ոսկե գնդակին»։
– Լամինը խաղում է «Ոսկե գնդակի» մակարդակով։ Նա էլիտայի մաս է և կարող է մի քանի անգամ նվաճել այն։
– Վինիսիուսը արժանի՞ էր «Ոսկե գնդակին» անցյալ տարի։
– Այո, նա արժանի էր։ Նա հաղթել է կարևոր մրցաշարեր, խփել վճռորոշ գոլեր Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
– Ինչո՞ւ նրան Իսպանիայում շատերը չեն սիրում։
– Չգիտեի դրա մասին [ծիծաղում է]։ Նա Բրազիլիայի կուռքերից է, և մենք միշտ աջակցում ենք նրան։
– ՊՍԺ-ն կդառնա՞ Եվրոպայի չեմպիոն։
– Հուսով եմ։ ՊՍԺ-ն ջերմությամբ ընդունեց ինձ, և ես երազում եմ, որ նրանք կնվաճեն Չեմպիոնների լիգան։
– Անչելոտտիի՝ Բրազիլիայի հավաքականի մարզիչ դառնալը Ձեզ դուր է գալի՞ս։
– Այո։ Նա հիանալի մարզիչ է, և ես հավատում եմ, որ նա կհաջողի Բրազիլիայի հետ։