«Սպարտակի» կազմում վեց անգամ Ռուսաստանի չեմպիոն դարձած Վալերի Կեչինովը Матч ТВ-ին հայտնել է, որ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի դժգոհությունն ակումբում ստեղծված իրավիճակից հասկանալի է, և նա, ամենայն հավանականությամբ, կփնտրի թիմ, որտեղ կդառնա հիմնական կազմի խաղացող։
ՌՊԼ-ի 29-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» սեփական դաշտում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի դեմ։ Խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ դժգոհ է իր ստացած խաղաժամանակից և մրցաշրջանի ավարտին կդիմի ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլ տալ հեռանալ։
«Եթե ֆուտբոլիստը հիմնականում պահեստային է, դա չի կարող նրան գոհացնել։ Թիկնիզյանը լավ խաղացող է, և մենք հիշում ենք նրա վառ ելույթները։ Հիմա նրա տեղը զբաղեցրել է մեկ այլ խաղացող, ով, հավանաբար, ավելի է համապատասխանում մարզչի պահանջներին», — նշել է Կեչինովը։
Նա ընդգծել է, որ Թիկնիզյանի հուզական հայտարարությունները բնական են. «Յուրաքանչյուր ինքնասիրություն ունեցող ֆուտբոլիստ կցանկանա խաղալ հիմնական կազմում։ Նա կփնտրի ակումբ, որտեղ կունենա խաղադաշտում դրսևորվելու հնարավորություն»։
Հարցին, թե արդյոք Թիկնիզյանը պետք է լքի «Լոկոմոտիվը», Կեչինովը պատասխանել է, որ դժվար է գնահատել առանց ակումբի ներքին իրավիճակին ծանոթ լինելու։ «Թիկնիզյանն ինքը լավ է հասկանում իրավիճակը և գիտի, թե ինչ է անհրաժեշտ», — եզրափակել է նա։