Մադրիդի «Ռեալը» կարող է ամռանը թույլ տալ հարձակվող Ռոդրիգո Գոեսին լքել ակումբը 90-100 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի տվյալներով՝ բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին», որոնք տեղեկացվել են նրա տրանսֆերի արժեքի մասին։ Սակայն այս ակումբներից ոչ մեկը Ռոդրիգոյի համար «Ռեալին» դեռևս որևէ առաջարկ չի արել։ 24-ամյա վինգերի ծառայություններով նախկինում հետաքրքրված էր նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։