«Չելսին» ուշադիր հետևում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսի հետ կապված իրավիճակին և քննարկում է նրան ձեռք բերելու հնարավորությունը, հենց որ բացվի ամառային տրանսֆերային պատուհանը (Իսպանիայում՝ հուլիսի 1, Անգլիայում՝ հունիսի 12): Այս մասին հաղորդում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել «Ռեալի» հետ, սակայն կապ է հաստատել 24-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոդրիգոն դժգոհ է Մադրիդի «Ռեալում» իր կարգավիճակից և մտածում է «Արքայական ակումբից» հեռանալու մասին։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։