«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ կայանալիք խաղից առաջ չի բացառել, որ թիմը մրցաշրջանի վերջին երկու հանդիպումներից մեկում կարող է խաղադաշտ դուրս բերել ամբողջությամբ ակումբի ակադեմիայի սաներից կազմված մեկնարկային կազմ։
«Քննարկել ենք նման տարբերակ, սակայն դեռ վերջնական որոշում չենք կայացրել։ Դա հնարավոր տարբերակ է։ Կտեսնենք վաղը և կորոշենք, թե ինչ կազմով խաղալ»,– ասել է գերմանացի մասնագետը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է առաջնության ավարտից երկու տուր առաջ։ Կատալոնացիները մրցաշրջանի վերջին երկու հանդիպումներում կխաղան «Վիլյառեալի» և Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ։
«Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 18-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։