Այսօր կայացավ գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրը։ Բոլոր հանդիպումները կայացան միաժամանակ։
«Բավարիան» վաղաժամ էր ձևակերպել չեմպիոնությունը, վերջին տուրում այդ առումով ինտրիգ չկար։ Այսօր մյունխենյան թիմի կազմում Բունդեսլիգայում իր վերջին հանդիպումն անցկացրեց Թոմաս Մյուլերը։
Թեժ մրցավազք էր ընթանում արդեն լավագույն քառյակում տեղի համար։ Արդյունքում ՉԼ-ի ուղեգիր նվաճեցին «Բայերը», «Այնտրախտը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Ընդ որում, «Այնտրախտը» և ՉԼ-ի ուղեգրի ևս մեկ հավակնորդ՝ «Ֆրայբուրգը», հանդիպեցին հենց այսօր․ «Արծիվների» դիմակայությունում հաղթեցին ֆրանկֆուրտցիները՝ այդպիսով նվեր մատուցելով «Բորուսիային», որը շրջանցեց «Ֆրայբուրգին»։ Ի դեպ, «Ֆրայբուրգը» պատմության մեջ առաջին անգամ կարող էր հանդես գալ Չեմպիոնների լիգայում, սակայն այս անգամ ևս ինչ-որ բան մի փոքր չբավականացրեց։ Սա ֆուտբոլ է․․․
«Ֆրայբուրգը» կմասնակցի Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանին։ ԵԼ-ի ևս մեկ ուղեգիր կխարկվի Գերմանիայի գավաթի եզրափակիչում, որում կհանդիպեն «Արմինիան» ու «Շտուտգարտը»։
Առաջնության մյուս բացահայտումը՝ «Մայնցը», կներկայացնի Բունդեսլիգան Կոնֆերենցիաների լիգայում։
«Լայպցիգը» զբաղեցրեց առաջնությունում 7-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում մնաց առանց եվրագավաթների։
Իսկ ահա առաջնությունը լքում են «Հոլշտեյնն» ու «Բոխումը», իսկ «Հեյդենհայմը» լրացուցիչ փլեյ-օֆֆում կվիճարկի էլիտայում մնալու իրավունքը։ Իսկ հաջորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում մենք կտեսնենք Գերմանիայի ամեատիտղոսակիր թիմերից մեկին՝ «Համբուրգին», որը վաղաժամ ապահովել էր բարձրագույն լիգայի ուղեգիրը։ Մյուս ուղեգրի ֆավորիտը «Քյոլն» է, որին մնում է միայն չպարտվել Երկրորդ Բունդեսլիգայի վերջին տուրում։ «Քյոլնին» կարող են խանգարել, կամ լրացուցիչ փլեյ-օֆֆում «Հեյդենհեյմին» հանդիպել «Էլվերսբերգը» կամ «Պադերբորնը»։ Իսկ ահա լրացուցիչ փլեյ-օֆֆում հայտնվելուն «Կայզերսլաուտերնի» ու «Ֆորտունայի» շանսերը, ճիշտ է՝ մաթեմատիկորեն կան, սակայն քիչ հավանական են թվում։
Մրցաշարային աղյուսակը՝
Առաջնության լավագույնները
Առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է՝ 26 գոլով․ նա երկրորդ անգամ անընդմեջ լավագույնն է առաջնությունում այդ ցուցանիշով (նախորդ մրցաշրջանում աչքի էր ընկել 36 անգամ): Նրան հաջորդում են նախորդ մրցաշրջանի գլխավոր հերոսներից մեկը՝ Սերու Գուիրասին, ով այժմ ներկայացնում է «Բորուսիան» և Պատրիկ Շիկը («Բայեր»), ովքեր աչքի են ընկել 21-ական անգամ։
Գոլային փոխանցումների քանակով առաջատարը ևս «Բավարիայից» է՝ Մայքլ Օլիսեն, ով 15 անգամ օգնել է աչքի ընկնել թիմակիցներին։ Ֆլորիան Վիրցը («Բայեր») 12 փոխանցումով երկրորդն է։
Պատմական ակնարկ
Գերմանիայի ամենատիտղոսակիր թիմը Մյունխենի «Բավարիան» է, որը 34 անգամ դարձել է չեմպիոն։ Երկորդն այս ցանկում «Նյուրնբերգն» է՝ 9 տիտղոս, որն իր տիտղոսների զգալի մասը նվաճել է նախորդ դարի առաջին կեսում։ Երրորդը Դորտմունդի «Բորուսիան» է՝ 8 տիտղոս։
1․ «Բավարիա» — 34 չեմպիոնություն
2․ «Նյուրնբերգ» — 9
3․ «Բորուսիա Դ» — 8
4․ «Շալկե» — 7
5․ «Համբուրգ» — 6
6-7․ «Շտուտգարտ» — 5
6-7․ «Բորուսիա Մ» — 5
8-9․ «Վերդեր» — 4
8-9․ «Կայզերսլաուտերն» — 4
2012/13 մրցաշրջանից ի վեր, բացի «Բավարիայից» միայն «Բայերն» է մեկ անգամ դարձել չեմպիոն՝ նախորդ մրցաշրջանում, որն ակումբի պատմության մեջ առաջին չեմպիոնական տիտղոսն էր։