Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսի ամուսինը, 20 միլիոն ֆունտով գնել է «Չելսիի» կանանց ֆուտբոլային թիմի 8% բաժնեմասը։ Այս գործարքը թիմի արժեքը գնահատում է մոտ 245 միլիոն ֆունտ՝ այն դարձնելով աշխարհի ամենաթանկարժեք կանանց ֆուտբոլային ակումբը։
Օհանյանը կմիանա ակումբի ղեկավար մարմնին, իսկ Սերենա Ուիլյամսը կներգրավվի թիմի գործունեության մեջ։ Զույգը կիրակի ներկա կլինի «Ուեմբլիում» կայանալիք «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց FA գավաթի եզրափակիչին։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Սոնիա Բոմպաստորը ներդրումն անվանել է «խաղը փոխող»՝ ընդգծելով, որ այն կբարելավի ենթակառուցվածքները և կխրախուսի աղջիկների մասնակցությունը սպորտին։
Անցյալ տարի «Չելսին» առանձնացրել էր կանանց թիմը տղամարդկանցից՝ ստեղծելով անկախ կառույց, ինչը նաև օգնում է համապատասխանել ֆինանսական կանոնակարգերին։ Օհանյանի Seven Seven Six Capital ընկերությունը հաղթել է երեք մրցակից հայտերի։
Օհանյանը նախկինում բաժնետեր է եղել ամերիկյան «Էնջել Սիթի» կանանց թիմում, որը 2023-ին վաճառվել է 250 միլիոն դոլարով։
«Չելսին» ակնկալում է, որ այս ներդրումը կոգեշնչի այլ ակումբներին։ Բոմպաստորն ասել է. «Մենք ձգտում ենք լինել առաջատար և օրինակ բոլոր թիմերի համար՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»։