«Էսպանյոլի» երկրպագուների խմբավորումը՝ La Curva-ն, կատալոնական դերբիից առաջ քաղաքում փակցրել է «Բարսելոնային» վիրավորող պաստառներ։ Այս մասին հայտնում է Sport.es կայքը։
Պաստառների վրա գրված են հետևյալ արտահայտությունները՝ «Դուք մրցակից չեք, դուք թշնամի եք», «Կեցցե «Բարսայի» կործանումը», «Տեղացիներն ընդդեմ զբոսաշրջիկների», «ՖԱ Նեգրեյրա» և այլն։
«Էսպանյոլի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 15-ին, Բարսելոնայի «Կոռնելյա-Էլ Պրատ» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին։