Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը քննադատել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի համար նշանակված մրցավարներին՝ Խոսե Էռնանդես Էռնանդեսին և Խուան Մարտինես Մունուերային։
Ավելի վաղ՝ ապրիլին, «Ռեալի» հեռուստաալիքը քննադատել էր նաև մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեային՝ Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ, որտեղ «Բարսելոնան» հաղթել էր 3:2 հաշվով։
«Խոսե Էռնանդես Էռնանդեսը 13 տարի աշխատում է Պրիմերայում, մանկուց երկրպագում է «Բարսելոնային» և այժմ հենց նա է դատելու մրցաշրջանի որոշիչ «էլ կլասիկոն»։ Վերջին չորս խաղերում նա լուրջ սխալներ է թույլ տվել՝ անսպասելի որոշումներով ազդելով խաղերի արդյունքների վրա։ Իսկ Խուան Մարտինես Մունուերան, որն իր որոշումներով առավելագույն վնաս է հասցրել «Ռեալին», այս անգամ կգործի VAR-ում», — հայտարարել է «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը, մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ «Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 75 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։