Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ՖԻՖԱ-ի որոշումը՝ մեքսիկական «Լեոն» ակումբին զրկելու առաջիկա Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
«Լեոնը», ինչպես նաև այս մրցաշարի մյուս մասնակից «Պաչուկան», պատկանում են նույն ընկերությանը, ինչը հակասում է մրցաշարի գործող կանոնակարգին։ Այդ պատճառով «Լեոնին» հեռացրին մրցաշարից։ Թիմը բողոքարկել էր այս որոշումը, սակայն մայիսի 5-ին ստացավ վերջնական մերժում։
Միևնույն ժամանակ մերժվել է Կոստա Ռիկայի «Ալախուելենսե» ակումբի բողոքը՝ պահանջելով որակազրկել նաև «Պաչուկային»։ Վերջինս պահպանել է մասնակցության իրավունքը։
Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում՝ այս տարվա հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը։