Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների տրամադրության մասին «Ինտերի» հետ հանդիպումից առաջ։
Վաղը թիմերը կհանդիպեն Միլանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը։
Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։
«Մենք իսկապես պետք է ավելի կենտրոնացած լինենք պաշտպանությունում։ Մրցակիցը շատ արդյունավետ է և փորձառու, և սա չի կարելի անտեսել։ Ֆուտբոլիստները պետք է վայելեն այս հանդիպումը։ Ես ուզում եմ, որ նրանք հանդես գան առանց ճնշման, ազատ։ Ես լավ դինամիկա եմ տեսնում թիմում, ֆուտբոլիստների միջև կա փոխըմբռնում։ Մենք ցուցադրում ենք որակյալ ֆուտբոլ, և մենք պետք է դա հաստատենք խաղադաշտում։
Մենք այս մրցաշրջանում արդեն երկու գավաթ ենք նվաճել։ Եվ յուրաքանչյուր ֆուտբոլիստ աճում է, երբ մասնակցում է նման հանդիպումների։ Կիսաեզրափակչում վախի տեղ չպետք է լինի. սա մի պահ է, որը պետք է վայելել։ Մենք պետք է խաղադաշտ դուրս գանք և ցույց տանք, թե որքան լավն ենք», — մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչին Mundo Deportivo-ն։