ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Լիգա 1-ի 10-րդ տուրում «Նիսի» դեմ արտագնա խաղում տարած 4-1 հաշվով հաղթանակը։
«Միշտ էլ հաճելի է 6 խաղից կազմված շարքը հաղթանակով սկսելը։ Շատ գոհ եմ նրանից, թե թիմն ինչպես անցկացրեց առաջին կեսը։ Մենք վերահսկում էինք ամեն ինչ։ Մրցակիցը չէր կարողանում խաղալ, որովհետև մենք լավ պաշտպանվում էինք։ Երկրորդ կեսի սկզբնամասում կարող էինք վճռել խաղի ելքը, բայց հստակությունը չբավականացրեց։ Հետո «Նիսը» ավելի շատ էր ռիսկի դիմում, իսկ մենք մի քանի անգամ սխալվեցինք։ Բայց վերջում ամեն ինչ իր տեղն ընկավ։
Այս խաղը կարող է դաս լինել ՊՍԺ-ի համար։ «Գալաթասարայի» հետ խաղում էլ գոլից անմիջապես հետո 10 րոպե կորցրեցինք կառավարումը»,- Տուխելի խոսքերն է փոխանցում AFP-ն։
Փարիզյան ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նիսը» 9-րդ տեղում է։