Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
Աղբյուրը հայտնում է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչը, իտալացի մասնագետը մերժել է պայմանագիր կնքելու և հավաքականը գլխավորելու առաջարկը։
Անչելոտին կապ է հաստատել CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսի հետ՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերված հետաքրքրության համար։ Թեև կողմերը գրեթե հասել էին համաձայնության պայմանագրի պայմանների շուրջ, վերջին պահին Անչելոտին հայտարարել է, որ չի կարող լքել «Ռեալը» ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։ Այս որոշումը զարմացրել է բրազիլացիներին, ինչի արդյունքում բանակցությունները դադարեցվել են։ Բրազիլիայի հավաքականը հունիսին արդեն մարզչի կարիք ունի և չի կարող սպասել մինչև օգոստոս։
Բացի այդ, հաղորդվում է, որ Անչելոտին գերշահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից», որը պատրաստ է նրան վճարել տարեկան մոտ 50 միլիոն եվրո։ 65-ամյա մասնագետն այս պահին քննարկում է այդ հնարավորությունը։