Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» պատրաստ են առաջարկ ներկայացնել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Լոնդոնյան ակումբը կարող է վճարել 55 միլիոն ֆունտ ստեռլինգ Կունդեի տրանսֆերի դիմաց։ «Արսենալը» ցանկանում է գերազանցել «Չելսիի» առաջարկը, որը նույնպես հետաքրքրված է պաշտպանով։
Նշվում է, որ «Արսենալի» համար դժվար կլինի ձեռք բերել Կունդեին, քանի որ նա Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի առանցքային խաղացողներից է։
Ժյուլ Կունդեն «Սևիլյայից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ 50 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 51 խաղ «Բարսելոնայի» կազմում, խփել 3 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։