Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) լրջորեն քննարկում է մրցավարներ Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեային և Գոնսալես Ֆուերտեսին որակազրկելու տարբերակը Իսպանիայի գավաթի եզրափակչից, որը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 26-ին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ RFEF-ը կարող է որակազրկել այս մրցավարներին՝ խաղից առաջ մամուլի ասուլիսում նրանց արած հայտարարությունների պատճառով։
Ավելի վաղ «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսությունը քննադատել էր Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի աշխատանքը, որը նշանակվել է «Բարսելոնայի» հետ խաղի գլխավոր մրցավար։ Խաղից առաջ մամուլի ասուլիսում այս մասին խոսելիս Բենգոեչեան չէր կարողացել զսպել արցունքները։
Հաղորդվում էր, որ «Լոս Բլանկոսը» դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF)՝ խնդրելով հեռացնել մրցավարներին մամուլի ասուլիսում արված հայտարարությունների համար, սակայն RFEF-ը մերժել էր իսպանական գրանդի խնդրանքը։ Ի նշան բողոքի՝ «Ռեալ Մադրիդը» հրաժարվել է մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին նախորդող բոլոր պաշտոնական միջոցառումներին, այդ թվում՝ մամուլի ասուլիսին։