«Ռեալ Մադրիդը» քննարկում է ապրիլի 26-ին` շաբաթ օրը, «Բարսելոնայի» դեմ կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչը բոյկոտելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է El Mundo-ն։
«Ռեալը» հրաժարվել է մասնակցել «կապտանռնագույնների» հետ խաղից առաջ կայանալիք մամուլի ասուլիսին, ինչպես նաև մասնակցել լուսանկարահանմանը և ընթրիքին։ Բացի այդ, «Ռեալ Մադրիդը» խաղից առաջ մարզում չի անցկացնի։
Միաժամանակ, El Chiringuito-ն էլ հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» փաստաբանները հայտարարություն են պատրաստում՝ մրցավարներից ներողություն պահանջելով։ Աղբյուրը ևս հայտնում է՝ «Ռեալը» քննարկում է տուն վերադառնալու և «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղին չմասնակցելու հնարավորությունը։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ այս կերպ Արքայական ակումբը իր բողոքն է արտահայտում Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը սպասարկող մրցավարների դեմ։ Ավելի վաղ «Ռեալը» դիմել էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային (RFEF)՝ խնդրելով հեռացնել այն մրցավարներին, որոնք բացասաբար էին արտահայտվել «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսության մասին՝ նրանց աշխատանքը քննադատելուց հետո։ Նշենք՝RFEF-ը մերժել է իսպանական գրանդի խնդրանքը։