Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի «Մոնպելյե» – «Սենտ Էտյեն» հանդիպումը (մարտի 16) նշանավորվել է ոչ թե խաղային իրադարձություններով, այլ երկրպագուների անկարգություններով։
«Սենտ Էտյենի»՝ 2:0 հաշվով առաջ անցնելուց հետո «Մոնպելյեի» երկրպագուները խաղադաշտ են նետել ծխարձակիչներ և պայթուցիկներ՝ առաջացնելով հրդեհ մարզադաշտի տրիբունայում։ Մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն ընդհատել է խաղը, որը չի վերսկսվել։ Լիգայի կարգապահական հանձնաժողովը վերջնական արդյունք է ճանաչել 2:0 հաշիվը։
Անկարգությունների ընթացքում 26-ամյա երկրպագուն կոտրել է զուգարանի դուռը և նետել այն անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ ուղեկցելով արարքը անպատշաճ ժեստով։ Դատարանը նրան դատապարտել է 14 ամսվա ազատազրկման, որից 6-ը՝ պայմանական։ Նրան նաև 5 տարով արգելվել է այցելել մարզադաշտեր, պարտավորեցվել է կատարել հանրային աշխատանքներ և փոխհատուցել պատճառված վնասը։
«Մոնպելյեի» գնահատմամբ՝ վնասը կազմել է մոտ 19․000 եվրո, իսկ մի ստյուարդ ստացել է աչքի վնասվածք։ Դատարանն ընդունել է երկրպագուի բացատրությունը, որ անպատշաճ ժեստը հասցեագրված էր ակումբի ղեկավարությանը, ինչի արդյունքում նա ազատվել է իրավապահներին վիրավորելու մեղադրանքից։