Հարավաֆրիկյան «Դուրբան Սիթի» ակումբի ֆուտբոլիստ Սինամանդլա Զոնդին մահացել է հիվանդանոցում՝ ազգային առաջնության հանդիպման ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո։
Պաշտպանը գիտակցությունը կորցրել է ապրիլի 22-ին՝ Հարավային Աֆրիկայի երկրորդ ամենահզոր դիվիզիոնում անցկացվող «Միլֆորդի» դեմ խաղի ժամանակ։ 22-ամյա ֆուտբոլիստին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերակենդանացնել նրան չի հաջողվել։
«Խորը վշտով հաստատում ենք Սինամանդլա Զոնդիի մահվան լուրը։ «Դուրբան Սիթի» ընտանիքի անփոխարինելի անդամ Սինամանդլան ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ էր, այլև թիմակից, ընկեր, եղբայր, որդի և ներշնչանքի իրական աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր շրջապատում էին նրան։
Մեր մտքերն ու զորակցությունը նրա ընտանիքի, ընկերների, թիմակիցների, մարզիչների և բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են այս ողբերգական կորստից։ Մենք շարունակելու ենք աջակցել նրանց այս դժվարին շրջանում», – ասվում է ակումբի՝ L’Equipe-ում հրապարակված հայտարարության մեջ։