Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն այս գիշեր ժամանել են Հայաստան:
Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հրապարակել է տեսանյութ թիմերի ժամանումից: Մարզիկներին դիմավորել է ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:
Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է երկամարտի 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով:
Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը (185+226 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (210+240 կգ): Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 73 կգ քաշային Գոռ Սահակյանը (153+185 կգ), 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (158+185 կգ) և 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (181+215 կգ): Տղամարդկանց պայքարում երկամարտի բրոնզե մեդալները նվաճել են 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (124+151 կգ) և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (173+203) կգ արդյունքով:
Կանանց հավաքականի անդամները Մոլդովայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 3 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոններ են հռչակվել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (85+117 կգ), 76 կգ քաշային Աննա Ամրոյանը (100+131 կգ) և 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (106+140 կգ):