«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում (1:0) ֆուտբոլիստը խփել է հաղթական գոլը։ Նախկինում նա վնասվածքի պատճառով բաց էր թողել ավելի քան մեկ ամիս։
«Այսօր վերնագիրը պետք է լինի նրա խփած գոլի մասին, այլ ոչ թե պայմանագրի: Բայց կարող եմ ասել, որ որևէ մեկի համար ծիծաղելի կլինի կասկածի տակ առնել նրա նվիրվածությունը այս ակումբին, քանի որ նա մեծ աշխատանք է կատարել այսօր վերադառնալու և այդքան կարևոր գոլ խփելու համար, ինչպես նաև հաշվի առնելով այն ամենը, ինչ նա արել է այս ակումբի համար այսքան տարիների ընթացքում: Ոչ ոք, իմ կարծիքով, չի կարող վիճարկել նրա հավատարմությունը այս ակումբին։ Թող վերնագրերը լինեն նրա հիանալի գոլի, այլ ոչ թե պայմանագրային իրավիճակի մասին»,- Սլոթի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մերժել է պայմանագիրը երկարաձգելու առաջարկը և մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն։