«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է թիմի հաղթանակը «Էվերթոնի» նկատմամբ ԱՊԼ-ի 33-րդ տուրի հանդիպման ժամանակ:
Խաղն ավարտվել է «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 2:0: Գոլերը խփել են Նիկո Օ’Ռայլին և Մատեո Կովաչիչը:
«Սա կարևոր հաղթանակ էր: Պետք էր խելամիտ գործել: Մրցաշրջանի ավարտից 5-6 տուր առաջ մենք հաղթեցինք «Գուդիսոն Պարկում», երբ «Էվերթոնը» արտագնա խաղում հաղթել էր «Նոթինգհեմին» և տնային խաղում չէր պարտվել «Արսենալին»: Սա շատ կարևոր է: Մենք բարդ ժամանակաշրջան ենք ունեցել, հատկապես վնասվածքների պատճառով, բայց հիմա ավելի կայուն տեսք ունենք: Ամեն ինչ այժմ մեր ձեռքերում է», — Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթին» առաջ է անցել «Նոթինգհեմից» և 58 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի չորրորդ հորիզոնականը, սակայն «անտառապահներն» ունեն մեկ խաղ պակաս: Հաջորդ տուրում Գվարդիոլայի թիմը կհանդիպի «Ասթոն Վիլային»: