Եվրագավաթներում երեկվա խաղային օրվանից հետո վերջնականապես որոշվեց, թե որ երկու երկրներն են հաջորդ մրցաշրջանում 5 թիմ ուղևորելու Չեմպիոնների լիգա։ Իսպանիան, և ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել Անգլիան կստանան լրացուցիչ ուղեգրեր և Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում կներկայացվեն 5 թիմով։
Այս մասին հայտնի է դարձել Եվրոպա լիգայի 2024/25 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում «Ռեյնջերսի» նկատմամբ «Աթլետիկի» տարած հաղթանակից հետո (0:0, 2:0)։ «Բետիսը» նույնպես իր ներդրումն ունեցավ՝ Կոնֆերենցիաների լիգայում հաղթելով լեհական «Յագելոնիային» (2:0, 1:1)։
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլին կմասնակցի 36 թիմ, որոնք կմիավորվեն մեկ մրցաշարային աղյուսակում։
ՈւԵՖԱ-ի մեկ մրցաշրջանի վարկանիշային աղյուսակի երկու լավագույն երկրները լրացուցիչ ուղեգրեր են ստանում Չեմպիոնների լիգայում։ Անգլիան և Իսպանիան ժամանակից շուտ արդեն զբաղեցրել են այդ տեղերը։ Իտալիան, սակայն, կորցրել է վարկանիշի երկու առաջատար ասոցիացիաների շարքում հայտնվելու տեսական շանսերը։