«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է փորձի տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ, եթե նման հնարավորություն ունենա։
— Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, բարձր կարգի խաղացող։ Բավական է բացել նրա վիճակագրությունն ու նայել։ Իհարկե, Եվրոպայում նրա նկատմամբ հետաքրքրություն կա, թեև անձամբ այդ թեմայով չենք խոսել։
Եթե նա կրկին հնարավորություն ունենա թոփ ակումբում խաղալու, պետք է անպայման փորձի։ Եթե չստացվի, միշտ կարող է վերադառնալ կամ գնալ մի փոքր ավելի ցածր մակարդակի թիմ։ Դրանք բոլորն էլ տրամաբանական բաներ են,— ասել է Թիկնիզյանը «Матч ТВ»-ի թղթակցին։
Ավելի վաղ ռուսական և արտասահմանյան տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ մի շարք եվրոպական ակումբներ հետաքրքրված են ֆուտբոլիստով։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, խփել է յոթ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ «Կրասնոդարը» 52 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։