Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։ Մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպման 38-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ կոպիտ խախտման համար և հեռացվեց խաղադաշտից։ Դրանից հետո նրան որակազրկեցին մեկ խաղով։
Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, այս որոշումը դժգոհություն է առաջացրել «Ռեալի» սկզբունքային մրցակցի՝ «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեի մոտ։ Նա Լա լիգայի որոշումը որակել է որպես ամոթալի։
«Սա խայտառակություն է։ Դա լիովին աբսուրդ է։ Նա կարող էր լուրջ վնասվածք պատճառել մրցակցին։ Եթե մեր խաղացողներից մեկը նման բան աներ, ես չգիտեմ՝ ինչ պատիժ կսահմանվեր նրանց համար։ Սա արդար չէ։ Նա պետք է ավելի խիստ պատիժ ստանար»,- Յուստեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ Մբապեն կարող էր որակազրկվել մինչև երեք խաղով, որոնցից մեկը ներառելու էր «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչը։ Սակայն ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի միայն Լա լիգայի 32-րդ տուրի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ հանդիպումը։