Կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն հայտնել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո։
Ավելի վաղ՝ ապրիլին, հայտնի դարձավ, որ 33-ամյա բելգիացին կլքի «Սիթին» 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո։ Դե Բրույնեն միացել է անգլիական ակումբին 2015 թվականի ամռանը։
«Բարդ տարի էր։ Վնասվածքիս պատմությունը հաճելի չէր, բայց վերջին վեց շաբաթների ընթացքում գրեթե ցավ չեմ զգում։ Ցավով խաղալը շատ դժվար էր, բայց հիմա ազատ եմ զգում։ Կարողանում եմ լիարժեք մարզվել և զգում եմ, որ կարող եմ լավ աշխատանք կատարել։
Չգիտեմ՝ ինչ կլինի հետո, բայց ուզում եմ խաղալ, այնպես որ կտեսնենք՝ ուր կհասնեմ։ Մենք ընտանիքով արդեն 10 տարի է՝ ապրում ենք այստեղ, երեխաներս ծնվել և մեծացել են Մանչեսթերում, այնպես որ նրանց նոր մի բան է սպասվում։ Կարծում եմ՝ մի փոքր վախեցած ու անհանգիստ են անորոշության պատճառով։
Ես պարզապես ուզում եմ վայելել գեղեցիկ ֆուտբոլը։ Ինձ հետ ամեն ինչ լավ կլինի։ Եթե կարողանամ խաղալ, իսկ ընտանիքս՝ երջանիկ լինել, ապա մնացածն էլ լավ կլինի», – ասել է Դե Բրույնեն TNT Sports-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում բելգիացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել է 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։