Կատալոնական «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին որովայնի շրջանում սուր ցավ է զգացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/4 եզրափակչի առաջին խաղից հետո (4:0): Այս մասին հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով QueThiJugues-ին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները սկզբում ենթադրել են, որ դարպասապահը կույրաղիքի բորբոքում ունի, սակայն պարզվել է, որ Շչեսնին երիկամների քար ունի։ Հաղորդվում է, որ Վոյցեխը դրանցից ազատվել է առանց վիրահատության:
Ընթացիկ մրցաշրջանում Շչեսնին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 18 գոլ և 11 խաղում անառիկ պահելով դարպասը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալների համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 1 միլիոն եվրո: