Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Բորուսիա Դորտմունդ» խաղում «կապտանռնագույնների» հարձակվող Ռաֆինյան դարձավ գոլի հեղինակ՝ վերջին պահին դիպչելով այն գնդակին, որը Պաու Կուբարսին արդեն ուղարկել էր մրցակցի դարպասը։
Երկար ստուգումից հետո գոլն արձանագրվել է, իսկ բրազիլացին խոստովանել է, որ տեղի ունեցածն իրեն շատ է անհանգստացրել։
«Կարծում էի, որ գոլի ժամանակ գտնվում եմ խաղից դուրս վիճակում։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Ներողություն խնդրեցի Կուբարսիից, իսկ նա ասաց, որ իր համար խնդիր չէ, գոլային փոխանցում կհամարվի», – Ռաֆինյայի խոսքն է մեջբերում barcablaugranes.com-ը։
Բրազիլացին ընդգծել է նաև, թե որքան հաճելի է խաղալ բարձր մակարդակի խաղընկերների՝ Լամին Յամալի և Ռոբերտ Լևանդովսկու կողքին։ Նա նաև զգուշացրել է, որ դեռևս վաղ է կիսաեզրափակչի մասին խոսել, քանի որ պատասխան խաղը Գերմանիայում է և դժվար հանդիպում է սպասվում։
Բարսելոնան հաղթել է 4:0 հաշվով և այժմ առավելություն ունի պատասխան խաղից առաջ։