Բրատիսլավայում անցկացվող Եվրոպայի առաջնության ժամանակ սկանդալ է տեղի ունեցել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի մասնակցությամբ։ Պատճառը՝ նախկինում Ռուսաստանը ներկայացնող ըմբիշ Չերմեն Վալիևի հաղթանակն էր՝ Ալբանիայի հավաքականի կազմում։
Վալիևը եզրափակիչում հաղթել է ռուս ըմբիշ Զաուրբեկ Սիդակովին 74 կգ քաշային կարգում։ Պարգևատրման ժամանակ Մամիաշվիլին նրան անվանել է «դավաճան» և օգտագործել է հայհոյախառը արտահայտություններ։ Բացի այդ, Մամիաշվիլին կոշտ կերպով կախել է ոսկե մեդալը Վալիևի պարանոցին ու բռնել նրա դաստակները, ինչին ըմբիշը հակազդել է՝ հրելով։
«Ես պարզապես շնորհավորեցի։ Բայց նա ընդամենը մեկ տարի առաջ մեր հավաքականի կազմում էր։ Իսկ հիմա՝ ալբանական դրոշով, արցունքներով աչքերին։ Ահա թե ինչպիսին են նման մարդիկ՝ այսօր Ալբանիա, վաղը՝ Բուլղարիա», – ասել է Մամիաշվիլին։
Նա ընդգծել է, որ երիտասարդները չեն գիտակցում իրենց երկրի հանդեպ պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարզիկները չլքեն Ռուսաստանը։
26-ամյա Վալիևը, ով ծնունդով Հյուսիսային Օսիայից է, 2024-ի փետրվարին փոխել է քաղաքացիությունը։ Ալբանիայի հավաքականի կազմում նա արդեն հասցրել է բրոնզե մեդալ նվաճել Փարիզի Օլիմպիադայում։