Մյունխենի «Բավարիան» հաղթել է Մադրիդի «Ռեալին» և «Լիվերպուլին»՝ «Բորնմութի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենի համար պայքարում: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը ցանկանում է առաջիկա շաբաթների ընթացքում գործարքն ավարտին հասցնել։ «Բավարիան» պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստին հինգ տարվա աշխատանքային պայմանագիր առաջարկել։ Հյոյսենի պայմանագիրը ներառում է կետ, որը թույլ է տալիս նրան ժամանակից շուտ խզել պայմանագիրը 50 միլիոն ֆունտի դիմաց (58,5 միլիոն եվրո)։
Այս մրցաշրջանում Հյոյսենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 42 միլիոն եվրո: