Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Սլովակիայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների պայքարում դուրս է եկել եզրափակիչ։
Կիսաեզրափակչում Հարությունանը 5-2 հաշվով հաղթել է Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Ոսկե մեդալի համար Արսենը կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։
Հիշեցնենք՝ Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին:
Այսօր ավելի ուշ Եվրոպայի կրկնակի չեմպիոնության համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը։ 70 կգ քաշային կարգում Արմանը երկու վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ և 3:1 հաշվով առավելության հասել՝ դուրս գալով եզրափակիչ: Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:0 հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի ըմբիշից: Եզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, ռուս Դավիթ Բաևը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը սփոփիչ գոտեմարտում 3:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլին։