«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկին խոսել է թիմի իսպանացի խաղացողներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հետ կապված իրավիճակի մասին։
«Մենք կպայքարենք Լա Լիգայի դեմ։ Նրանք ցանկանում են հարվածել մեր շահերին։ Լա Լիգան սկզբում հավանություն էր տվել Պաու Վիկտորի և Օլմոյի ձեռքբերմանը, սակայն այժմ փոխել է իր կարծիքը։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք նրանք սկզբից վատ աշխատանք են կատարել, երբ հավանություն էին տվել այս գործարքների կայացմանը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ներկայումս «Բարսելոնայում» Օլմոյի և Վիկտորի ապագան հարցականի տակ է։ Երկու խաղացողներին էլ կարող են արգելել խաղալ ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գերագույն սպորտային խորհուրդը (CSD) պետք է խաղացողների վերաբերյալ որոշում կայացնի մինչև ապրիլի 7-ը։