ՀՖՖ Մրցավարական կոմիտեն մեկնաբանել է Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ մրցափուլի «Շիրակ»-Նոա» հանդիպման ընթացքում նշանակված 11-մետրանոցները:
Առաջին դրվագ — 31-րդ րոպե
«Նոա» թիմի հարձակվողը խաղում է գնդակին, իսկ «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, չդիպչելով գնդակին, մարմնով հարվածում է մրցակցի մարմնին և խախտում խաղի կանոնները:
Երկրորդ դրվագ — 45+3-րդ րոպե
Երկու թիմերի խաղացողները պատրաստվում են պայքարել օդից եկող գնդակի համար և այդ ընթացքում «Շիրակ» թիմի խաղացողը կանգնում է մրցակցի ոտնաթաթին, որից հետո խաղում է գնդակին: Համաձայն խաղի կանոնների և ՈՒԵՖԱ-ի ուղեցույցների՝ նմանատիպ խախտումները պետք է պատժվեն տուգանային կամ 11 մ հարվածով, նույնիսկ, եթե դա կատարվել է ոչ միտումնավոր, իսկ խախտում կատարող խաղացողը պետք է պատժվի նաև դեղին քարտով: Անկյունային հարվածը նշանակվել է առաջին խաղակեսին փոխհատուցված ժամանակի 3-րդ րոպեին, իսկ խախտումը կատարվել է ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին:
Երրորդ դրվագ — 81-րդ րոպե
«Նոա» թիմի ֆուտբոլիստի հարվածից հետո «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը կատարում է սահանկում և չդիպչելով գնդակին՝ կոպտորեն հարվածում է մրցակցի ոտքին: Համաձայն խաղի կանոնների՝ նմանատիպ խախտումները պետք է պատժվեն տուգանային կամ 11 մ հարվածով, իսկ խախտում կատարող խաղացողը պետք է պատժվի նաև դեղին քարտով:
Մրցավարն անմիջապես սուլիչով արձանագրում է խախտումը և նշանակում 11 մ հարված: Անմիջապես դրանից հետո արձանագրվում է խաղից դուրս դիրքի խախտում: Հաշվի առնելով այն, որ խախտումը կատարվել էր մինչ խաղից դուրսը, մրցավարն իրավացիորեն խաղը վերսկսում է 11 մ հարվածով:
Տեսանյութում ներկայացված են դրվագները՝ VAR համակարգի տեսախցիկներով.
Աղբյուրը՝ ՀՖՖ