«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատմել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում մարզումներին վերադառնալուց հետո, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է զգացել անցած տարի լուրջ վնասվածք ստանալուց անմիջապես հետո։
Սեպտեմբերի վերջին 32-ամյա դարպասապահը վիրահատության էր ենթարկվել աջ ծնկի ջիլը պատռելուց հետո։ Երեկ՝ մարտի 31-ին նա վնասվածքից հետո առաջին անգամ մարզումների մի մասն անցկացրել է ընդհանուր խմբի հետ։
«Այժմ՝ վեց ամիս անց, ես վերադառնում եմ թիմի հետ մարզումներին․ ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ, էներգիայով լի եմ: Մենք հիանալի թիմ ունենք: Ես անհամբերությամբ սպասում եմ խաղալուն, թեև խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ժամկետ դեռ չկա:
Առաջին բանը, որ զգացի [վնասվածքի պահին] ազդրի լարվածությունն էր: Ցավը խոցեց ամբողջ մարմինս։ Երբ նայեցի ներքև, անմիջապես հասկացա, որ սա միայն ազդրի խնդիր չէ։ Իմ ծունկն այն դիրքում չէր, որտեղ պետք է լիներ, և պարզ էր, որ այն հենց այնպես չի ուղղվելու»,- տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։