Նորարարական ֆուտբոլային ձևաչափը մարտահրավեր է նետում ավանդական խաղին։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Լոնդոնում մեկնարկել է Baller League-ը՝ ֆուտբոլի նորարարական ձևաչափ, որը միավորում է ազդեցիկ անձանց, արագ տեմպերը և շոու-մրցակցությունը։ Առաջին գոլը խփեց ինֆլուենսեր PK Humble-ը, ինչը կարելի է համարել նոր դարաշրջանի սկիզբ։
Baller League-ը նման է Իսպանիայում հիմնադրված Kings League-ին և առաջիկայում մեկնարկող W7F-ին (կանանց յոթնյակ)։ Այս մրցաշարերը հարցականի տակ են դնում ավանդական ֆուտբոլի ձևաչափը՝ առաջարկելով վեց հոգանոց թիմեր, 15-րոպեանոց խաղաժամանակ և անսպասելի կանոնների փոփոխություններ, որոնք բարձրացնում են շոուի գործոնը։
«Դանդաղ խաղերը մեռած խաղեր են», – հայտարարում է լիգայի գործադիր տնօրեն Ֆելիքս Շթարքը, ընդգծելով, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են անհատականություններով, քան թիմերով։ Այս մոտեցումը փոխում է սպորտային արժեհամակարգը․ կարևոր չէ, թե որքան լավ ես խաղում, այլ թե որքան ազդեցիկ ես թվային հարթակներում։
Հայտնի դեմքերը, ինչպիսիք են Գարի Լինեկերը, Ջոն Թերին, Լուիշ Ֆիգուն և Մայա Ջաման, ավելի շատ ներգրավված են կառավարման և մարքեթինգի ոլորտներում, քան հենց խաղադաշտում։
Սա նոր ֆուտբոլային տնտեսություն է, որտեղ բովանդակությունը, անհատականությունն ու բրենդավորումը գերադասվում են խաղի որակից։ Baller League-ը նաև պատասխան է ավանդական ֆուտբոլի խնդիրներին՝ բարձր տոմսերի գներին, երկարատև VAR որոշումներին և հեռուստատեսային սահմանափակումներին։
Այսօր բջջային հեռախոսներով ամեն ինչ հասանելի է, ուստի ինչո՞ւ ֆուտբոլը պետք է մնա նույնը։ Սակայն հարցն այն է՝ արդյո՞ք այս փոփոխությունները կբերեն խաղի իրական զարգացում, թե՞ այն պարզապես կվերածվի թվային սպառման ապրանքի։