«Չելսիի» և Ռումինիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիան Մուտուն ասել է, որ կարող էր հեշտությամբ հաղթել «Ոսկե գնդակը», եթե չսկսեր թմրանյութեր օգտագործել։
«Չելսիում աշխատելու ընթացքում կոկաին օգտագործելը ամենավատ որոշումն էր, որ կարող էի կայացնել իմ կարիերայում: Ես միայնակ էի և տխուր, բայց ոչ դեպրեսիան, ոչ այլ բան չէր արդարացնում իմ գործողությունները: Զրոյական հանդուրժողականությունը «Չելսիի» թմրամիջոցների քաղաքականությունն էր: Եվ կարծում եմ, որ դա ճիշտ էր:
Ես շատ եմ մտածել այդ մասին և կարծում եմ, որ մի քանի մրցաշրջան ես եղել եմ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, ուստի կարող էի հեշտությամբ նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց վատ որոշումներն ինձ խանգարեցին»,- խոստովանել է նախկին ֆուտբոլիստը։
Ադրիան Մուտուն «Չելսի» է տեղափոխվել «Պարմայից» 2003 թվականի օգոստոսին: Գործարքի արժեքը կազմել է 22,7 միլիոն եվրո: 2004 թվականի հոկտեմբերին ռումինացի հարձակվողը դոպինգ թեստ է հանձնել և որակազրկվել 7 ամսով։ Ֆուտբոլիստի արյան մեջ կոկաին է հայտնաբերվել։ «Չելսին» միակողմանի խզել է պայմանագիրը հարձակվողի հետ։