«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածք է ստացել Լա Լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Օսասունայի» դեմ խաղում (3:0)։ Խփած գոլից 7 րոպե անց՝ 28-րդ րոպեին, ֆուտբոլիստին փոխարինել է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։
AS պարբերականի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա վնասվածքը լուրջ չէ։ Սակայն այսօր՝ մարտի 28-ին, իսպանացի կիսապաշտպանը կանցնի անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որոնք ավելի ճշգրիտ ցույց կտան նրա վնասվածքի բնույթը և լրջությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։