Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա կարող են հայտնվել հայտնի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի պատկերները։
Այս մասին հայտնում է RAC 1-ը։
Աղբյուրի համաձայն՝ որպես «Բարսելոնայի» հովանավորչական գործարքի մաս՝ Spotify երաժշտական հոսքային ծառայության հետ, Մադրիդի «Ռեալի» հետ վերջին խաղերի ժամանակ թիմի մարզաշապիկներին հայտնվել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Coldplay-ը, Rolling Stones-ը և Drake-ը:
Նշվում է, որ ամերիկացի գերաստղի հետ գործարքը դեռ չի կնքվել, սակայն «վերջնական փուլում է»։ Մյուս թեկնածուների թվում էին Էդ Շիրանը և Թրևիս Սքոթը: Սակայն Թեյլոր Սվիֆթն այն երգչուհին է, ում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են տեսնել իրենց մարզաշապիկների վրա:
Հիշեցնենք, որ 27 տուրից հետո կատալոնական թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։