«Էվերթոնի» կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրեն, մասնակցելով «Ցույց տվեք ռասիզմին կարմիր քարտ» նախաձեռնությանը, դատապարտել է այն վիրավորանքները, որոնք ստացել էր մերսիսայդյան դերբիից հետո՝ սոցցանցերում:
Դուկուրեն ասել է, որ ամեն օր ստանում էր հազարավոր ռասիստական մեկնաբանություններ, որոնք ներառում էին կապիկի պատկերներ և վիրավորանքներ իր մաշկի գույնի, կրոնի և ընտանիքի հասցեին:
«Ռասիզմի դեմ պայքարի հիմնական միջոցը կրթությունն է»,- նշել է նա՝ երեխաների հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ կարևոր է սերունդներին փոխանցել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ խտրական վերաբերմունք դրսևորել:
Դուկուրեն ընդգծել է նաև, որ մեծ սոցիալական հարթակները, ինչպիսիք են Instagram-ը, Facebook-ը և X-ը, պետք է ավելի մեծ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու համար ռասիստական բովանդակությունը:
«Ինձ համար կարևոր է կրթել հաջորդ սերնդին՝ հասկանալու, որ խտրականությունը որևէ պարագայում ընդունելի չէ»,- հավելել է Դուկուրեն:
Աղբյուրը՝ The Times