Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհրդի (CSD) նախագահ Խոսե Մանուել Ռոդրիգես Ուրիբեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» «Դանի Օլմոյի գործում» հարգել է իրենց որոշումը՝ ի տարբերություն Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի մեղադրանքների: Ուրիբեսը շնորհակալություն է հայտնել «Ռեալին» և նշել, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին:
Նա հերքել է Տեբասի՝ Ֆլորենտինո Պերեսի միջամտության մասին պնդումները՝ կոչելով դա «աշխարհը շուռ տված» մոտեցում: «Ռեալը և ակումբների 80-90%-ը հասկացան մեր դիրքորոշումը»,- ասել է Ուրիբեսը: Նա ընդգծել է, որ CSD-ն, ելնելով սպորտի մասին օրենքից, պաշտպանել է Օլմոյի և Պաու Վիկտորի՝ խաղալու իրավունքը՝ «Բարսելոնայի», Լա Լիգայի և ֆեդերացիայի միջև հակասության պայմաններում:
«Մենք որոշեցինք, որ ֆուտբոլիստները պետք է խաղան, քանի դեռ հարցի էությունը չի լուծվել: Սա սկզբունք է, որը կկիրառենք բոլոր դեպքերում»,- հավելել է Ուրիբեսը՝ հպարտություն հայտնելով իրենց որոշման համար:
Գործի վերջնական լուծման ժամկետը ապրիլի 7-ն է:
Աղբյուրը՝ Cadena SER