Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է այն մասին, թե ինչը կարող է լինել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի վնասվածքի կրկնվելու պատճառը։
«Զախարյանին, ըստ երևույթին, պատշաճ չեն բուժել և ժամանակից շուտ խաղալու հնարավորություն են տվել, քանի որ նրա մոտ վնասվածքի կրկնություն է տեղի ունեցել: Սա ոչ միայն նրա, այլև ակումբի խնդիրն է։ Արսենն այս վնասվածքներից հետո ծանր հոգեբանական վիճակում է»,- ասել է Կարպինը, «Championat.com»-ի հետ զրույցում
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, իսպանական ակումբը հայտնել էր, որ Զախարյանը ցավերի պատճառով վաղ է լքել մարզումը։ Կիսապաշտպանը բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մի մասը՝ աջ կոճի ջլի վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստը նախ խաղադաշտ է դուրս եկել իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (2:1), որը կայացել է փետրվարի 2-ին։ Այս խաղը Զախարյանի համար առաջինն էր 2024 թվականի մայիսից հետո։