Չնայած ֆինանսական դժվարություններին, «Բարսելոնան» ծրագրում է առաջիկա ամռանը ուժեղացնել կազմը: Կատալոնական ակումբը հետևում է «Լիվերպուլի» երկու հարձակվողներին՝ Մոհամեդ Սալահին և Լուիս Դիասին: Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» սկզբում առաջնահերթություն են տվել կոլումբիացի ֆուտբոլիստի ձեռքբերմանը։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կարծում է, որ Դիասի որակները լիովին համապատասխանում են կատալոնացիների ներկայիս թիմին:
Սակայն այս պահին կատալոնական ակումբը նախընտրում է Սալահի տարբերակը, քանի որ, ի տարբերություն Դիասի, եգիպտացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և նա կարող է անվճար միանալ իսպանական գրանդին։
Նշվում է նաև, որ «Բարսելոնան» չի դիտարկում այս երկու խաղացողներին միանգամից ձեռք բերելու տարբերակը։