Մադրիդյան դերբին, որը միշտ լի է հույզերով, այս շաբաթ կդառնա ավելի նշանակալի՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 4-ին, կեսգիշերին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ «արքայական ակումբը» հանդես կգա առանց մի շարք առանցքային ֆուտբոլիստների։
«Սերուցքայինների» կազմում բացակայում են Դանի Սեբալյոսը, Էդեր Միլիտաոն և Դանի Կարվախալը, ինչը խնդիրներ է ստեղծում թիմի կիսապաշտպանությունում, հատկապես այն դեպքում, երբ Ջուդ Բելինգհեմը դաշտ դուրս չի գա որակազրկման պատճառով: Ֆեդե Վալվերդեն, ըստ ամենայնի, կխաղա աջ պաշտպանի դիրքում։
Կիսապաշտպանությունում կմնան Էդուարդո Կամավինգան և Օրելյեն Չուամենին, իսկ Լուկա Մոդրիչը կսկսի խաղը պահեստային նստարանին: Բրահիմ Դիասը կփոխարինի Բելինգհեմին:
«Ատլետիկոյի» կազմում խնդիրներն ավելի քիչ են։ Խոսե Մարիա Խիմենեսը կվերադառնա պաշտպանության գիծ, իսկ Սամուել Լինոն կամ Քոնոր Գալահերը կզբաղեցնեն ձախ կիսապաշտպանի դիրքը:
Հաջորդ շաբաթվա պատասխան խաղին կարող են չմասնակցել 7 ֆուտբոլիստներ, որոնք այժմ կախված են դեղին քարտերից։ «Ատլետիկոյից» դա Խիմենեսն ու Անխել Կորեան են։ Եթե Կամավինգան, Չուամենին, Ռյուդիգերը, Մոդրիչը կամ Էնդրիկը դեղին քարտ ստանան, դա կդառնա Անչելոտիի համար լրացուցիչ գլխացավ:
Անձամբ ինքը՝ իտալացի մարզիչը, նույնպես կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը դեղին քարտ ստանալու դեպքում։