Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի կողմից օրերս հրապարակված այն տեղեկատվությանը, թե «ՀՖՖ-ում չարաշահումներ են հայտնաբերվել, ընթանում են ստուգումներ,և կա անգամ բերման ենթարկված անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեից էլ հաստատել են, որ կա քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով)» :
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ վերջին շրջանում ստուգումներ ՀՖՖ-ում չեն եղել, չկա բերման ենթարկված, առավել ևս ձերբակալված անձ:
«Վերոնշյալ տեղեկատվության պարզաբանման նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պաշտոնական հարցում է ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե, որից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝ վերոնշյալ հոդվածում ՀՀ Քննչական կոմիտեի մեկնաբանությունը խեղաթյուրված է և ակնհայտորեն ժամանակագրային առումով չի առնչվում ՀՖՖ-ի ներկա գործունեության հետ:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի 2025 թվականի փետրվարի 27-ի հրապարակման մեջ նշված քրեական վարույթը հարուցվել է դեռևս 2019 թվականին և վերաբերվում է ՀՖՖ նախկին նախագահ և միաժամանակ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության փաստացի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցների կողմից մինչև 2018 թ. ՀՖՖ մարզադպրոցների և մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ընթացքում իրականացված ենթադրյալ չարաշահումների և փողերի լվացման դեպքերին»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեի պատասխանը՝ այս հղումով: